ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ավելի շատ «պրիոմներ» է անում, քան զբաղվում է քաղաքական գործունեությամբ:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցում ՀՅԴ-ի կողմից իշխանության քննադատությանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջին, Գալուստ Սահակյանն ասել է. «Չեմ ասում, թե դաշնակցության մոտեցումը ակցիա, հավաք կազմակերպելու առումով որեւէ խնդիր կլուծի կամ չի լուծի: Ընդամենը կարծում եմ, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, եւս մեկ անգամ, եւ նաեւ իրենց համաժողովով, հաստատում է իր կարծիքը ղարաբաղյան խնդրում, որը դեռեւս ձեւակերպվել եւ ստորագրվել է 2001 թվականին՝ խորհրդարանական 6 կուսակցությունների կողմից: Իսկ ինչ վերաբերում է արտգործնախարարի հրաժարականի պահանջին, դա կարծում եմ ավելի շատ քաղաքական „պրիոմ“ է՝ իրողության կարեւորությունը ընդգծելու նպատակով»:
Ըստ Սահակյանի, այդ պահանջը քաղաքական որեւէ հետեւանքներ չի կարող ունենալ: «Ես շատ ուրախ կլինեի, որ մեր երկրի բոլոր քաղաքական ուժերը հստակ կարծիք արտահայտեին այդ ուղղությամբ, ինչպես մենք ենք արտահայտում, այլ ոչ թե փորձեին շահարկումների ճանապարհով գնալ, իբրեւ թե դա ավելի մեծ անձնազոհություն է: Այսինքն խոսքով արտահայտվող հայրենասիրության ժամանակն անցել է, եկել է պահը, որ կարող ենք հարցերը բաց ձեւով քննարկել»,- նշել է Սահակյանը:




























