Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն իր վերջին հարցազրույցներից մեկում հույս է հայտնել, որ պատերազմը չի վերսկսվի, արդեն նշանակում է, որ պատերազմի վտանգն իրական է: Այսօր նման տեսակետով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Երբ դու հույս ես հայտնում, որ պատերազմ չի լինի ուրեմն ենթադրում ես, որ հնարավոր է պատերազմը»,- նշեց նա ու հավելեց. «հայտարարություն է արվում, որ որեւէ պարտադրանք չի լինի, ոչ ոք պարտադրանքի մասին չի խոսում ու երբ դու հայտարարում ես այդ մասին, ուրեմն պարտադրանքի մասին արդեն խոսք կա»:
«Եթե դու ասում ես, որ հույս ունեմ, որ պատերազմ չի վերսկսվի, ուրեմն այդ պատերազմի վտանգն այնքան իրական է այսօր, որ դու հույս ես հայտնում, որ այն չի վերսկսվի: Ինչո՞ւ երեք տարի առաջ նույն Ֆասիեն նման հույս չէր հայտնում, այլ հակառակը. ասվում էր, որ մենք վստահ ենք, որ կողմերը երբեւէ չեն գնա ռազմական լուծման, քանի որ այդ լուծումն անհեռանկար է»,- ընդգծեց Ա. Արզումանյանը, հիշեցնելով, որ միշտ էլ համանախագահների հայտարարություններում բացառվել է պատերազմը եւ դա է, թերեւս, եղել պատճառը, որ ուժի չկիրառման սկզբունքն սկսեց ընդգրկվել բոլոր փաստաթղթերում: «Եւ հանկարծ այսօր, երբ մատնանշվում է այդ հիմնարար սկզբունքը, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով եւ պետք է բացառվի ուժի կիրառումը միջպետական հարաբերություններում, դու այստեղ ասում ես, որ հույս եմ հայտնում, թե պատերազմը չի վերսկսվի: Սա իսկապես մտահոգիչ փաստ է»,- ասաց նա:




























