H7N9 գրիպի վիրուսի պատճառով, որը հայտնաբերել են Շանհայի շուկաներում վաճառվող աղավնիների մոտ, մեկ գիշերվա մեջ ոչնչացել է ավելի քան  20 հազար կենդանի թռչուն, հայտնում է «Սինա» լրատվական պորտալը:

Չինաստանի թռչնի գրիպի տեղեկագրական լաբորատորիան հինգշաբթի օրը Սունցզյան տարածաշրջանի Շանհայ քաղաքի թռչնաշուկայում վաճառվող աղավնիների մոտ հայտնաբերել է H7N9 գրիպի վիրուս: Քաղաքային իշխանությունների կարգադրությամբ շուկան փակվել է` պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականցնելու համար:

Մինչեւ ուրբաթ առավոտյան ժամը  4-ը ոչնչացվել է 20,536 թռչուն: Թռչնավաճառներին փոխհատուցում կտրամադրվի: Ըստ լրատվամիջոցների` ուրբաթ առավոտյան ախտահանվել են ինչպես թռչնաշուկան, այնպես էլ երթեւեկության այն միջոցները, որոնցով տեղափոխել են թռչուններին: Համաճարակաբանները փորձում են պարզել, թե որտեղից են Շանհայ բերվել հիվանդ թռչունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

H7N9 գրիպի վիրուսից, որը մարդու մոտ առաջին անգամ հայտնաբերվել է մեկ շաբաթ առաջ, ՉԺՀ-ում տասնչորս հիվանդներից մահացել է վեց մարդ: Այս վիրուսով վարկվածության դեպքեր գրանցվել են միայն երկրի արեւելյան մասում. վեց հոգի վարակվել են Շանհայում, չորսը` հարեւան Ցզյանսու նահանգում, երեքը` Չժեցզյան նահանգում եւ մեկ հոգի Անխոյ նահանգում: