NEWS.am-ին հաջողվել է որոշ մանրամասներ ճշտել կապված երեկ Ռոստովյան փողոցում տեղի ունեցած կրակոցների առնչությամբ: Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, երեկ ժամը 18-ի սահմաններում ոտնաթաթերի մասում ստացած հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 33-ամյա Կարեն Բ.-ն (Բագրատունյանը): Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Ռոստովյան փողոցի թիվ 19 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող հրազենով Կարեն Բ.-ի վրա կրակել և նշված վնասվածքները պատճառել է 1970 թ. ծնված, նախկինում դատված Արսեն Գ.-ն: Այսօր Արսեն Գ.-ն մեղայականով ներկայացել է բաժին և ներկայացրել 9 մմ տրամաչափի «Բայկալ» տիպի ատրճանակ` մեկ պահունակով` առանց փամփուշտների: Ըստ ոստիկանության` Արսեն Գ.-ն ձերբակալված է:

Մեր ունեցած տեղեկություններով ձերբակալվածը սերտ կապեր ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, եւ ըստ որոշ տեղեկությունների, նրա թիկնապահն է:

Բանից պարզվում է, որ վիրավորված Կարեն Բագրատունյանը, ով 1,5 ամիս առաջ է դուրս եկել բանտից, հենց այն անձնավորությունն է, որը դեռեւս նախորդ տարի գարնանը խնդիրներ էր ունեցել նույն Ս. Ալեքսանյանի հետ: Այդ ժամանակ «Երեւան» կինոթատրոնի մոտ, Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Երեւան Սիթի» խանութի (որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին) երիտասարդ աշխատակցուհիներից մեկին 17 հազար դրամի պակասորդի համար խանութի տնօրենը գցել էր նկուղ ու պահել այնտեղ: Երիտասարդ աղջիկը կարողացել էր զանգահարել իր եղբորը, վերջինս էլ դիմել էր Կարեն Բագրատունյանին: Դրանից հետո Կ. Բագրատունյանն իր տղաներով եկել է «Երեւան Սիթի» խանութ, առեւանգել խանութի տնօրենին, տարել քաղաքից դուրս ու զանգահարել Սամվել Ալեքսանյանին, որպեզի հանդիպի նրա հետ եւ պարզի տեղի ունեցածը:

Սակայն հանդիպման գնալու փոխարենը, ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանը գերադասում է զանգահարել ոստիկանություն, որից հետո Կ. Բագրատունյանին ձերբակալում են, իսկ երիտասարդ աշխատակցուհուն նկուղ գցած խանութի տնօրենը չի պատժվում: Հենց այս պատմության շարունակությունը կարելի է համարել երեկ տեղի ունեցած կրակոցները: