Չիլիացի հայտնի պոետ Պաբլո Ներուդայի արտաշիրմած մնացորդները փորձաքննության համար ուղարկվելու են ԱՄՆ` պարզելու, նա իր մահով է մահացել, թե թունավորվել է Աուգուստո Պինոչետի բռնապետության օրոք: Պոետի ազգականների խոսքով, այդ որոշումն ընդունվել է Չիլիի դատաբժշկական ծառայության կողմից:

Մնացորդների մի մասն ուղարկվելու է Հյուսիսային Կարոլինայի համալսարան, որտեղ փորձաքննությունը կանցկացնի թունաբան Ռուֆ Վայնեկերը, ով արդեն Սանտյագոյում մասնակցել է Ներուդայի մնացորդների փորձաքննությանը: ՄՆացորդների մյուս մասը կուղարկվի Թեքսասի լաբորատորիա, իսկ երրորդ մասի փորձաքննությունը կիրականացվի Չիլիում, գրում է Utro.ru-ն:

Հիշեցնենք, որ Նոբելյան դափնեկիր Ներուդան մահացել էր 1973թ. սեպտեմբերին` Չիլիում ռազմական հեղաշրջումից հետո: Պաշտոնական վարկածով` մահը վրա է հասել շագանակագեղձի քաղցկեղից, սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ նրան հիվանդանոցում թունավորել են: