Այս տարի «Իմունկանխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 22-ին եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 27-ը: «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության նպատակը իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելն է եւ պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելը:
Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է, երբ փոքր ներդրումներով մեծ արդյունքներ են ապահովվում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան 2-3 մլն կյանք է փրկվում, Պոլիոմիելիտի դեմ պատվաստումների շնորհիվ 1998 թվականից ի վեր մոտ 5 մլն մարդ կարողանում է քայլել, իսկ մոտակա 40 տարում նրանց թիվը կգերազանցի 10.6 մլնը, Արեւմտյան Եվրոպայում կարմրուկով մեկ հիվանդի բուժումը կազմում է 209-480 եվրո, մինչդեռ կարմրուկի պատվաստանյութի 1 դեղաչափն արժե 0.17-0.97 եվրո:
Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 1995-ից այլեւս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանը ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր եւ առ այսօր հաջողությամբ պահպանում է այս կարգավիճակը: 1994-1995 թվականներին հանրապետությունում դիֆթերիայի բռնկումից հետո զանգվածային պատվաստումների շնորհիվ համաճարակային իրավիճակը կայունացել է, իսկ վերջին 10 տարվա ընթացքում դեպքեր չեն աձանագրվում: Այս օրերին աշխարհի շատ երկրներում` Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Թուրքիայում եւ այլուր լուրջ խնդիր են կարմրուկը եւ կարմրախտը: Դեռեւս 2010 թվականից եվրոպայում սկսված կարմրուկի բռնկումը շարունակվում է մինչ օրս՝ պատճառ դառնալով հազարավոր մարդկանց հիվանդացման, վտանգավոր բարդությունների արդյուքում հաշմանդամության եւ նույնիսկ մահվան:
Հայաստանում կարմրուկի եւ կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը շատ հանգիստ է ու բարենպաստ: 2007 թվականին կարմրուկի եւ կարմրախտի դեմ իրականացված զանգվածային պատվաստումների, իսկ հաջորդիվ՝ պլանային պատվաստումներում ենթակա երեխաների մոտ 98 տոկոս ընդգրկվածության ապահովման արդյունքում այդ ժամանակից ի վեր հանրապետությունում կարմրուկի եւ կարմրախտի դեպքեր չեն արձանագրվում: 1999 թվականին հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների ներդրումից հետո մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունը նվազել է մոտ 100 անգամ: 2009 թվականին հնգավալենտ պատվաստումների ներդրման արդյունքում հանրապետությունում 2012 թվականին մենինգիտները նվազել են մոտ 2 անգամ: 2012 թվականի նոյեմբերից հանրապետությունում իրականացվում են ռոտավիրուսային դիարեաների դեմ պատվաստումներ: Արդյունքում միայն 3-4 ամիս պատվաստումների իրականացման շնորհիվ հանրապետությունում նվազել է ռոտավիրուսների շրջանառությունը եւ 2013 թվականի սեզոնային բարձրացումների բարձրակետին (հունվար-մարտ) նախորդ տարիների համեմատությամբ զգալի նվազել են ռոտավիրուսային դիարեաներով հոսպիտալացումները (2012թ.հունվար-մարտ՝ 52-57%, 2013թ. հունվար -մարտ՝ 32-42%):
Հիշեցնենք, որ ՀՀ-ում կառավարվող վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում եւ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում՝ տարիքային որոշակի խմբերի շրջանում: Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում յուրաքանչյուր երեխայի հաշվառումից հետո ծնողին տրվում է պատվաստման քարտ, որտեղ մանրամասնորեն ներկայացված են պատվաստանյութերի անվանումները, պատվաստման ժամկետները:




























