NEWS.am-ի բացառիկ հարցազրույցը Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հետ
Պարոն Խաչատրյան, ըստ Ձեզ, ի՞նչ տնտեսական վիճակում է Հայաստանը եւ ի՞նչ հեռանկար եք կանխատեսում:
Ընդհանրապես կանխատեսումներ անելը լավ գործ չէ, բայց մասնագետները պարտավոր են հաշվարկ անել, եզրակացություններ անել: Ես կարող եմ ասել, որ վեց ամսվա արդյունքները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ չէ եւ չի դիմագրավել տնտեսական ճգնաժամը: Այն գործողությունները, որ նրանք կատարում են, անում են ոչ թե տրամաբանված, նախօրոք պատրաստված ծրագրի շրջանակներում, այլ այսօրվա խնդիրները լուծելու համար, դա կլինի շինարարություն, վարկերի տրամադրում, թե այլ ոլորտ: Այն, որ վիճակը պետք է սրվեր, հայտնի էր դեռեւս նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ համաշխարհային ճգնաժամն իրեն զգացնել տվեց: Անկախ ճգնաժամից՝ Հայաստանի տնտեսությունը, ըստ էության, վերջին տարիներին գտնվում էր ճգնաժամի վիճակում, որովհետեւ մի երկիր, որի տնտեսությունը պայմանավորված է շինարարությամբ եւ դրսից եկող մասնավոր տրանսֆերտներով, ապագայի հետ խնդիրներ միշտ կունենա, քանի որ կախված է դրսի իրավիճակից:
Տնտեսական ճգնաժամ, որպես այդպիսին, Հայաստանում կար վաղուց: Այդ ճգնաժամը համակարգային է, կապված է քաղաքական իրավիճակի հետ: Այլ բան է, որ այդ ճգնաժամի մասին չէին խոսում: Համաշխարհային ճգնժամի պայմաններում թերությունները ջրի երես ելան, եւ բոլորը հասկացան, որ Հայաստանում զարգացող տնտեսության մասին խոսելը անմիաստ է:
Վերջին վեց ամիսը ցույց տվեց, որ իշխանությունները քաղաքացու հետ հարաբերություններում առաջնությունը տալիս են ոչ թե քաղաքացու ու բիզնեսի խնդիրները լուծելուն, այլ իրենց սեփական վերարտադրության, իշխանությանը մոտ կանգնած բիզնեսի հարցերը լուծելուն: Իշխանությունը չփորձեց ապրել ավելի համեստ, խնայված միջոցների հաշվին, այլ, ընդհակառակը, իրեն թույլ տվեց այնպիսի ճոխություններ, որ աշխարհի ոչ մի երկրում չես տեսնի: Ճգնաժամի պատճառով բյուջեի առանձին ծախսեր չեն կրճատվել, որոշ ծախսեր պիտի կրճատվեին, օրինակ պետական ուռճացված ապարատի ծախսերը: Այն պայմաններում, երբ շարքային քաղաքացին կրճատում էր իր ծախսերը, պետական ապարատն իրեն նեղություն չէր տալիս՝ գումարներ խնայելու:
Տարօրինակ է, բայց սրա մասին չեն ուզում խոսել նաեւ միջազգային ֆինանսական կառույցները, որոնք պարտավոր էին խոսել, բայց դրա փոխարեն միջոցներ հատկացրին իշխանությանը: Ընդ որում, այնպիսի պայմաններով, որ ոչ մի անգամ ոչ մի դեպքում Արժույթի միջազգային հիմնադրամը չէր տվել որեւէ երկրի: Խոսքը 800 միլիոն դրամի մասին է, որ տրվեց առանց կոնկրետ ծրագրի, անսահմանափակ օգտագործելու հնարավորությամբ, միայն բյուջեի դեֆիցիտը փակելու համար, սոցիալական խնդիրների լուծման համար՝ թոշակներ, նպաստներ, եւ այլն: Ես միտում եմ տեսնում, որ վերջին տարիներին Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի գործունեությունը շատ կասկածների տեղիք է տալիս: Իրենք լավ տեսնում են կոռուպցիայի աճող ծավալները, որ տնտեսության մեջ փոքր եւ միջին բիզնես հասկացությունը գնալով վատթարագույն վիճակում է հայտնվում, տնտեսությունը գնալով օլիգարխիկ բնույթ է ստանում: Ինչ-որ խնդիր կա, որ այդ միջազգային կառույցները լուծում են Հայաստանում: Այդ խնդրի քաղաքական ենթատեքստն ինձ համար պարզ է՝ աջակցել իշխանություններին ԼՂ կամ այլ հարցերում: 2-րդ խնդիրը տնտեսական է: Ես ժամանակին այդպես չէի կարծում, բայց հիմա համոզված եմ, որ դրանով իրենց գործունեությունն են արդարացնում: Եթե վատ գնահատականներ տան Հայաստանի տնտեսական իրավիճակին, կնշանակի, որ իրենք վատ են աշխատել որպես ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ: Փաստերը բազմաթիվ են: Այսօր տնտեսական ճգնաժամի պատճառը նաեւ իրենք են՝ անհետեւողական քաղաքականության պատճառով:
Ձեր կարծիքով, ինչպե՞ս է գործում կառավարության հակաճգնաժամային ծրագիրը:
Այդպիսին գոյություն չունի: Ես որեւիցե տեղ կառավարության հակաճգնաժամային ծրագիր չեմ տեսել, որովհետեւ այդպիսի ծրագիր եթե լինում է, դա հրապարակվում է, Ազգային Ժողովում է ներկայացվում, համապատասխան քայլեր են կատարվում: Այն, ինչ արվեց վեց ամիսների ընթացքում, դա պարզապես կարելի է բնորոշել «կապիկություն» բառով: Ես այլ հարմար բառ չեմ գտնում, որովհետեւ կառավարության արածը տնտեսագիտության հետ որեւէ աղերս չունի: Օրինակ, երբ Ասիական բանկի ներկայացուցիչը երեկ ասում էր, թե ուրախ է, որ մենք ուզում ենք մասնակցել Հյուսիս-հարավ ավտոճանապարհային ծրագրին, դա էլ գիտաֆանտաստիկայի ժանրից է, որի ապագան ես չեմ տեսնում: Իրենք էլ չեն տեսնում: Պարզապես ուզում են հերթական անգամ գումար բերել Հայաստան, այդ գումարների մի մասը գրպանել եւ ցույց տալ, թե աշխատել են: Այնպես, ինչպես տեղի ունեցավ արտաքին պարտքը ահռելի չափերով մեծացնելու ժամանակ: Թող իրենք փորձեն ծրագիրը ներկայացնել քաղաքացիներին եւ մասնագետներին՝ ապացուցելու, որ գործ են անում:
Հայաստանն ահռելի մեծության վարկեր է վերցնում տարբեր պետություններից եւ կառույցներից: Ձեր կարծիքով, ինչպե՞ս են օգտագործվում այդ վարկերը:
Առաջին հերթին, այս չափերով վարկեր վերցնելն արդեն իսկ անլրջություն է: Ես համոզված եմ, որ իրենք էլ հրաշալի հասկանում են, որ Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ այդչափ գումարներ վերցնել եւ դրանք միջոց դարձնել ոչ թե տնտեսությունն աշխուժացնելու, կառուցվածքային փոփոխություններ կատարելու, այլ իրավիճակը կառավարելու դարձնելու համար: Ես չէի անհանգստանա, եթե տեսնեի, որ կա կոնկրետ ծրագիր, որը երկու-երեք տարի հետո կտա իր արդյունքը: Օրինակ, վերցնեին գյուղատնտեսության բնագավառն ու համակարգված լուծեին բոլոր խնդիրները կամ այլ որեւէ ոլորտ: Բայց երբ փորձում են այդ վարկերն օգտագործել անհեռանկար շինարարության մեջ, որը վերջին տարիներին դարձել էր տնտեսության «լոկոմոտիվը», նշանակում է այդ գումարները քամուն տալ:
Ավելի անհանգստացնող է այդ գումարների վեահսկողությունը: Հայտնի չէ, թե ում են տրվում այդ գումարները, իսկ տալուց էլ՝ ինչ չափանիշներով են տրվում: Եղածը միայն բարի ցանկություններ են, կամ զարտուղի ճանապարհներով են տրվում: Անհանգստացնող է նաեւ չափը, երբ կդառնա 50 տոկոս: Իսկ ո՞ր համախառն ներքին արդյունքի 50 տոկոսն են հաշվելու: Եթե 2008թ-ինն են հաշվում, արդեն 16,3 տոկոս կրճատում կա, եթե 2009-ին են հաշվելու, առնվազն 15 տոկոս կրճատում պիտի հաշվեն: Այսինքն, դա կլինի ոչ թե 35-40 տոկոս, այլ ավելի քան 50 տոկոս: Ի՞նչ է լինելու այս քաղաքականության պայմաններում 2010-11 թվականներին: Մեր տնտեսությունն իր զարգացման տրամաբանությունը չունի: Սա լուրջ վտանգ է դառնում Հայաստանի պետության եւ պետականության համար:
Ո՞րն է ելքը:
Ելքը քաղաքական է: Ես կարող էի ասել՝ այս կամ այն ծրագիրը, բայց կյանքը ցույց տվեց, որ բոլորն էլ կիսատ-պռատ ծրագրեր են: Խնդիրը պետք է համակարգված լուծվի: Երկրում պետք է առկա հարաբերությունները՝ տնտեսական, քաղաքական, մարդկային, փոխվեն: Երկրում իրավիճակ պետք է փոխվի, որից հետո կարելի է խոսել ելքերի մասին: Ելքը շատ տրամաբանական է՝ ազատ, շուկայական տնտեսություն, ընդհանրապես ազատություն: Ունենալով սահմանափակ ռեսուրսներ, մենք որեւէ առավելություն չունենք, եւ ելքը պետք է գտնենք ազատության մեջ: Ապաշրջափակում, Հայաստանը որպես տրանսպորտային կոմունիկացիաների խաչմերուկ օգտագործելու հնարավորություն, հարեւանների հետ հարաբերվելու հնարավորությունների մեծացում, եւ, ամենակարեւորը, տարածաշրջանային համագործակցություն: Այլ լուծում, կյանքը ցույց տվեց, որ չկա: Իսկ համակարգային փոփոխությունը նշանակում է իշխանափոխություն: Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան զույգը կարող է որեւէ խնդիր լուծել: Նրանք ի վիճակի չեն անգամ ամենապարզամիտ խնդիրները լուծել:
Հարցազրույցը վարեց Արտակ Եղիազարյանը




























