Թուրքիայի ներքին կյանքը լարվածության մեջ պահող «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում Թուրքիայի 13 տարբեր քաղաքներում իրականացված համաժամանակյա գործողությունների ընթացքում ձերբակալվել են 18 զինվորականներ։

Նախնական տվյալներով, ձերբակալվածների մեջ է նաեւ Կոնիայի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը։ Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Ստամբուլ, որտեղ նրանք բացատրություններ կտան Ստամբուլի դատախազությունում։

Նշենք, որ 2003 թվականին ռազմական հեղաշրջում նախապատրաստելու գործով քննությունը սկսվել է Taraf թերթում այս հունվարին սենսացիոն հրապարակումներից հետո: Մասնավորապես՝ թերթը հրապարակել է հեղաշրջման ծրագիրը, որը կրել է «Մեծ մուրճ» անվանումը: Այդ ծրագրով նախատեսվել է Ստամբուլում աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթ, Էգեյան ծովի վրա ոչնչացնել թուրքական ռազմական մի ինքնաթիռ, դրանով ի ցույց դնել գործող իշխանության թուլությունը եւ հեղաշրջում իրականացնել:

Ստամբուլի գլխավոր դատախազի հրամանով բերման ենթարկված մոտ 50 բարձրաստիճան զինվորականներից 31-ի նկատմամբ կալանման որոշում է կայացվել։