Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու պատճառները: Բաղդասարյանը կրկին նշել է, որ նախագահը Բիշքեկ չի մեկնել Առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառումների կապակցությամբ:
«Հայաստանի նախագահի՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստին չմասնակցելու որոշման մասին ժամանակին հաղորդվել էր», - նշել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ գագաթաժողովին չի մասնակցել նաեւ Բելառուսի նախագահը, որի մասին եւս տեղեկացրել էին նախապես: Ըստ Բաղդասարյանի՝ անտեղի են այդ գագաթաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու հետ կապված շահարկումները, եւ հավելել, որ հակառակ շահարկումները կլինեին, եթե նախագահը հրաժարվեր պետական միջոցառումներին մասնակցելուց եւ մեկներ Բիշքեկ:
Միաժամանակ Բաղդասարյանը հիշեցրել է, որ Բիշքեկի հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ է կրել, իսկ ՀԱՊԿ պաշտոնական գագաթաժողովը նախատեսված է տարեվերջին: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ կանոնադրական մարմիններին, ապա նրանք ակտիվ մասնակցել են տեղի ունեցած նիստերին: Մեկնաբանելով Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների միջեւ առաջացած ճգնաժամի վերաբերյալ կարծիքը՝ Բաղդասարյանը չի համաձայնել դրան: Ըստ նրա՝ հարաբերությունները հոյակապ են, բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն է զարգանում, ամրապնդվում է ռազմավարական համագործակցությունը բոլոր բնագավառներում: «Ռուսաստանում հարյուրավոր քաղաքագետներ կան, եւ նրանք կարող են տարբեր կարծիքներ ունենալ, սակայն պաշտոնական գնահատականը հարաբերությունների աճող աշխուժության հաստատումն է», - ընդգծել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ հաջորդ ամիս սպասվում է Ռուսաստանի երկու բարձրաստիճան անձանց այցը Հայաստան: Սակայն նա չի մանրամասնել, թե ովքեր են այցելելու:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























