Հուլիսի 14-ին Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում՝ հանրահայտ Մարգարյան ծննդատանը զույգ զավակներ աշխարհ բերելուց հետո մահացել էր Ալլա Խաչատրյանը՝ Քասախ գյուղից:

Մահացածի ծնողների եւ հարազատների կարծիքով՝ երիտասարդ մոր մահվան պատճառը ծննդատան բժիշկներն են, որոնց հանցավոր անփութության պատճառով էլ մահացել է Ալլա Խաչատրյանը:

Ալլա Խաչատրյանի եւ նրա ամուսնու՝ Նարեկ Սարգսյանի ծնողները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարներ Գեւորգ Դանիելյանին ու Հարություն Քուշկյանին:

«Սույն թվականի հուլիսի 14-ը մեր ընտանիքներում սեւ օր դարձավ: Մինչդեռ ընդամենը մեկ օր առաջ, նույնիսկ մի քանի ժամ առաջ` հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը մեր երեխաների ընտանիքում երջանիկ իրադարձություն էր: Ալլան` մեր դուստրն ու հարսը զույգ երեխա ունեցավ` աղջիկ ու տղա: Կարծում ենք, հասկանում եք մեր ուրախության չափը, ավելին, այդ ուրախությունը չի չափվում: Եվ հանկարծ հուլիսի 14-ին մեզ Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում (հանրահայտ Մարգարյան ծննդատանը)` որտեղ նախորդ գիշեր տեղի էր ունեցել ծննդաբերությունը, ասում են, որ Ալլան մահացել է: Ավելորդ է ասել, որ մենք միանգամայն առողջ կին ենք հասցրել հիվանդանոց: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել»,- նամակում նշել են հարազատներն ու մանրամասնել. «Գինեկոլոգիայի պրակտիկայում ընդունված չէ, որ կինը, որն առաջին անգամ է ծննդաբերում եւ կրում է 4կգ-ից ավել կշռող պտուղ, ծննդաբերի բնական ճանապարհով: Նման դեպքերում բարդություններից խուսափելու համար ծննդաբերությունն իրականացնում են կեսարյան հատման ճանապարհով: Ալլան իր մեջ կրում էր ընդհանուր հաշվով 6,3 կգ պտուղներ: Կես ժամվա տարբերությամբ նա բնական ճանապարհով ծննդաբերում է սկզբից 2,8կգ քաշով աղջկան, հետո 3,5 կգ քաշով տղային»: Ըստ նամակի հեղինակների՝ իրենց համար ի սկզբանե ցանկալի չէր, որ ծնունդն իրականացվեր բնական ճանապարհով, քանի որ գիտեին, որ աղջիկը պատրաստ չէ բնական ճանապարհով նման ծննդաբերության: Սակայն դեռ հուլիսի 6-ին Օկոեւի գլխավորած Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի ծննդարանի բաժնի վարիչ Լեւոն Ակոպիչը Ալլային հետազոտել էր եւ մխիթարել, որ պտուղները գլխային են եւ կեսարյանի կարիք չկա, իսկ Ալլայի ամուսնուն` Նարեկին Քասախի պոլիկլինիկայի կոնսուլտացիա իրականացնող բժիշկն էր ասել, որ նման ծնունդներն իրականացվում են բացառապես կեսարյան ճանապարհով: Հիվանդանոցում ծննդաբերության օրը Ալլայի ամուսինը` Նարեկը բժիշկներին հարցրել էր, թե միգուցե այնուամենայնիվ կեսարյանո՞վ իրականացնեն ծնունդը, բայց բժիշկները նրան հանգստացնում են, թե կեսարյանի կարիք չկա: Ալլային բժիշկները մտցնում են ստիմուլացիայի տակ եւ իրականացնում ծնունդը: «Այդ պահից մենք այլեւս տեղյակ չենք, թե ինչ է տեղի ունեցել: Ծննդաբերությունից հետո բժիշկները մեզ հանգստացրեցին, թե ամեն ինչ նորմալ է անցել, կարող եք գնալ տուն: Մենք վերադարձանք տուն: Հաջորդ օրը` հուլիսի 14-ի առավոտյան Նարեկը հանձնուք է տանում հիվանդանոց տեղեկանալու նաեւ, թե ինչպես է իրեն զգում Ալլան: Ոչ ոք ոչինչ չի ասում, բայց տագնապն արդեն թեւածում է օդում, քանի որ հիվանդանոցում զարմանալի իրարանցում է: Ժամը 14.30-ին մեզ ասում են, որ Ալլան մահացել է: Բանն այն է, որ մենք կասկածներ ունենք, որ Ալլան ավելի վաղ է մահացել, ծննդաբերությունից մոտավորապես 3-4 ժամ հետո, երբ հերթապահ բժիշկները գնացել են քնելու: Արդեն առավոտյան, երբ նրանք Ալլային հայտնաբերել են մահացած, միջոցներ են ձեռք առել, որպեսզի կենդանացնեն նրան կամ գոնե ծածկեն իրենց հանցավոր անփութությունը»,- նշում են Ալլայի հարազատներն ու կոչով դիմում պետական բարձրագույն այրերին. "Մենք համոզված ենք, որ եղածը դիտավորություն չէ, այլ անփութության կամ մասնագիտական տգիտության արդյունք: Դիմում ենք Ձեզ եւ հուսով ենք, որ Ձեր սրտացավ միջամտությունն ու հսկողությունը կօգնի, որ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: Մենք ուզում ենք, որ ծնունդ ընդունող ոչ մի բժիշկ կամ ծննդաբերության համար պատասխանատու որեւէ անձ անպատժելիության զգացում չունենա: Սա արդեն ընտանեկան խնդիր չէ, այլ ժողովրդագրական: Ոչ մի ընտանիք իր այսպիսի դժբախտությամբ արժանի չէ այն բանին, որ ինչ-որ Ֆրոլով հանգիստ քնի: Ոչ մի մայր չպետք է իր երեխային ծնարան տանի սարսափով: Ծննդաբերական հիվանդանոցների այսպիսի վերաբերմունքով ծննդաբերության աճի մասին իմաստ չունի խոսել;