Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից եւ հույս հայտնել, որ առաջիկայում եւս երկկողմ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մեր երկրում, մասնավորապես, գյուղատնտեսության, պետական ապարատի եւ տեղական ինքնակառավարման համակարգերում իրականացվող նախագծերի ընթացքն ու դրանց հետագա ընդլայնման հնարավորությունները:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենի խնդրանքով կառավարության ղեկավարը ներկայացրել է նաեւ Հայաստանի տնտեսության վիճակը, մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ նախատեսվող հետագա քայլերը:
Ֆրենկ Հիմսկերկը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բովանդակալից զրույցի համար, եւ խոստացել երկկողմ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ՀՀ կառավարության նկատառումները ներկայացնել Համաշխարհային բանկի քննարկմանը:



























