Արքայազն Չարլզի պատվին տրված գալա համերգը մեծ արձագանք է գտել երաժշտական հանրության շրջանում։ Արքայազնը Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի հետ զրույցում իր զարմանքն ու գոհունակությունն է հայտնել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգի վերաբերյալ, որին մասնակցել է նաեւ ակադեմիական երգչախումբը։ Նրան զարմացրել է, երգչախմբի եւ նվագախմբի բարձր պրոֆեսիոնալիզմը։ «Իմ կարծիքով՝ արքայազն Չարլզի պատվին տված համերգում մեր երիտասարդ դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ինքն իրեն գերազանցեց, իսկ նվագախումբը եւս մեկ աստիճան բարձրացավ։ Համերգն անցավ բարձր մակարդակով։ Ես իմ տեղը զիջեցի երիտասարդ Սերգեյ Սմբատյանին, եւ նա ինչպես հարկն է ղեկավարեց ամբողջ համերգը, ինչի համար շատ ուրախ եմ»,- ասել է մաեստրո Չեքիջյանը։
Երաժշտական նուրբ ճաշակ ունեցող արքայազնը նաեւ նկատել է, որ երիտասարդական նվագախումբը ներկայացել է բազմապրոֆիլ ձեւաչափով՝ բալետ, օպերա, հանդես է եկել երգչախմբի հետ, ինչը նվագախմբի բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունք է։
Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, առաջին անգամ չէ, որ հանդես է եկել արքայական ընտանիքի անդամի առջեւ։ Սմբատյանը ղեկավարել է Լոնդոնի «Philharmonia Orchestra»-ի երկու բարեգործական համերգները, որոնք կազմակերպվել էին արքայազն Չարլզի կողմից։
Հիշեցնենք, որ Ուելսի արքայազն Չարլզը մասնավոր այցով Հայաստանում էր մայիսի 28-30-ը։




























