Հայաստանն ու Էստոնիան շատ լավ հարաբերություններ ունեն, սակայն երկու կողմն էլ կցանկանային, որպեսզի մեր երկրները ավելի ինտենսիվ զարգանային: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը (նստավայրը՝ Թբիլիսի):
Նրա խոսքով՝ թեեւ եւ Հայաստանում, եւ Էստոնիայում չկան դեսպանություններ, երկու երկրների փոխգործակցությունն աճում է եւ երկու կողմն էլ դրա համար օգտագործում են ամեն ինչ:
Անդրադառնալով տնտեսության եւ առեւտրի ոլորտներում հարաբերություններին, դեսպանը նշեց, որ Հայաստանի նկատմամաբ հետաքրքրություն կա ինչպես Էստոնիայի կառավարության, այնպես էլ գործարար շրջանակների կողմից:
«Սակայն մենք պետք է իրատեսորեն նայենք իրողություններին: Այդ իմաստով, մեզ անհրաժեշտ է ուշադիր հետեւել Հայաստանի՝ ԵՄ-ի հետ բանակցություններին: Հայաստանի գործարար միջավայրի հանդեպ վստահությունը էապես կբարձրանա Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի, ինչպես նաեւ դրան հաջորդող պայմանագրի ստորագրմամբ: Դրանից հետո մենք կարող ենք ավելի մեծ հետաքրքրություն ակնկալել Էստոնիայի գործարար շրջանակների կողմից հայկական շուկայի նկատմամբ»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին, Պրիիտ Տուրկը նշեց, որ Հայաստանը պետք է իր առջեւ հստակ նպատակ դնի եւ շատ աշխատի այդ ուղղությամբ: «Ես ուզում եմ վստահեցնել ձեզ, որ Էստոնիան միշտ պատրաստ է օգնել եւ աջակցել Հայաստանին՝ օգտագործելով իր ինտեգրման փորձը: Երեւանում արդեն աշխատում են առաջատար էստոնացի փորձագետներ՝ ԵՄ կենտրոնի ղեկավար Էհտել Հալիստեն, ինչպես նաեւ էլեկտրոնային կառավարման գործով փորձագետ Իվար Տալոն: Մենք միշտ պատրաստ ենք օգնություն տրամադրել»,-վստահեցրեց դեսպանը:
Նշենք, որ Երեւանում, հունիսի 13-ին, ընդունելություն է կազմակերպվել Էստոնիայի Հանրապետության անկախության 95-ամյակի առթիվ: Բացի այդ, այս օրերին Երեւանում էստոնական մշակույթի շաբաթ է հայտարարված՝ «Բոլորս գնում ենք Երեւան» ծրագրի շրջանակներում:




























