Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Բոլորը գնում են Երեւան» ծրագրի շրջանակում Երեւանում գտնվող Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքապետի տեղակալ Կալլե Կլանդորֆի հետ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին եւ համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունն ու ներկայում ընթացող զարգացման ծրագրերը` քաղաքապետն ընդգծել է, որ Երեւանը կարեւորում է ակտիվ համագործակցությունն այլ քաղաքների հետ` քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման եւ համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
«Երեւանն այսօր աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ ունի լավ հիմքերի վրա դրված գործընկերային հարաբերություններ, եւ վստահ եմ, որ Տալլինի հետ եւս կարող ենք ձեւավորել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ: Երեւանն օրեցօր զարգացող քաղաք է, եւ ձեւավորված բարենպաստ ներդրումային միջավայրը լավ հնարավորություն է ընձեռում զարգացնելու նաեւ գործարար հարաբերությունները: Հուսամ՝ առաջիկայում համատեղ ծրագրեր քննարկելու եւ դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենանք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ «Բոլորը գնում են Երեւան» ծրագրի կայացման հարցում ցուցաբերած աջակցության համար, Կալլե Կլանդորֆը շնորհավորել է Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ իր տպավորություններն է կիսել Երեւանի մասին:
«Վերջին անգամ Երեւանում եղել էի 1973 թվականին: Փոփոխությունն ու զարգացումն ակնհայտ են: Ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Համոզված եմ, որ մեր հաջորդ զրույցը կունենա գործնական հիմքեր»,- նշել է Տալլինի քաղաքապետի տեղակալը:
Օգտվելով առիթից՝ Կալլե Կլանդորֆը Տալլինի քաղաքապետի անունից Տարոն Մարգարյանին հրավիրել է այցելել Էստոնիայի մայրաքաղաք:
Կողմերը քննարկել են նաեւ զբոսաշրջության զարգացման, մշակութային եւ կրթական կապերի ամրապնդման եւ զարգացման հետ կապված հարցեր:




























