Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների առաջնորդները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլլանդի հայտարարությունում ասվում է. «Մենք` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների առաջնորդներս, կշարունակենք աջակցել ղարաբաղյան հակամարտության կողմերին` կայուն եւ խաղաղ կարգավորման հարցում: Մենք մեր խորին հիասթափությունն ենք արտահայտում, որ բանակցային գործընթացում փոխանակ համատեղ հետաքրքրությունների վրա հիմնված խնդրի լուծում գտնելուն` կողմերը շարունակել են ձգտել միակողմանի շահ ստանալուն:

Նախկինի պես վստահ ենք, որ վերջին 4 տարիների ընթացքում մեր երկրների արած հայտարարություններում առկա դրույթները պետք է հիմք հանդիսանան ղարաբաղյան հակամարտության արդար եւ կայուն կարգավորման համար: Այդ դրույթները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ յուրաքանչյուր փորձ` ուղղված դրանցից մեկին նախապատվությունը տալուն, բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը:

Հաստատում ենք, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է խաղաղության, կայունության եւ հաշտեցման հանգեցնել` տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հնարավորություններ ստեղծելով: Ռազմական ուժի կիրառումը, որի արդյունքում ստեղծվել է առճակատման եւ անկայունության այս վիճակը, խնդիրը չի լուծի: Ռազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետեւանքներ կունենա տարածաշրջանի բնակիչների համար եւ մարդկային զոհերի, հետագա կործանումների, փախստականների աճի ավելացման, ահռելի ֆինանսական ծախսերի պատճառ կդառնա: Մենք հաստատակամորեն բոլոր կողմերի ղեկավարներին կոչ ենք անում եւս մեկ անգամ հաստատել հելսինկյան սկզբունքներին հավատարիմ լինելը, մասնավորապես` ուժ չկիրառել կամ նման սպառնալիքներով հանդես չգալ, հարգել երկրների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը: Կոչ ենք անում նաեւ զերծ մնալ գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ավելացնել տարածաշրջանում առկա լարվածությունն ու նպաստել հակամարտության էսկալացիային: Ղեկավարները ժողովուրդներին պետք է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստեն:

Մեր երկրները պատրաստ են համագործակցել կողմերի հետ, սակայն հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը նրանց վրա է:  Մենք խորապես համոզված ենք, որ խնդրի լուծման հետագա ձգձգումն անընդունելի է եւ կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին նոր էներգիայով կենտրոնանալ առայժմ բաց մնացած հարցերի լուծման վրա»: