Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, այսօր՝ հունիսի 20-ին, ընդունել է Իրաքի հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան առաքելության մեջ եւ հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Իրաքի միջեւ գոյություն ունեցող պատմական եւ ավանդական, բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: ԱԳ նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները եւ միմյանց մայրաքաղաքներում դեսպանությունների վերաբացումը նոր լիցք են հաղորդել հայ-իրաքյան հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Խալեդը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելել է, որ Իրաքը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը եւ խորացումը, ինչպես նաեւ ընդգծեց իրաքահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման եւ բարգավաճման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին, Իրաքում կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին: