Միջազգային կրթության Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը, հունիսի 20-ին, կազմակերպել էր ընդունելություն Հայաստանում Ամերիկյան խորհուրդների գործունեության 20-ամյակի եւ այս տարիների ընթացքում նրա գործընկերների ու աջակիցների պատվին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի տնօրեն Էլվիրա Դանան՝ շեշտելով, որ Ամերիկյան խորհուրդները, լինելով միջազգային կրթության, ակադեմիական փոխանակման եւ օտար լեզուների ուսումնասիրման բնագավառներում առաջատար, հնարավորություններ է ստեղծում անհատների եւ հաստատությունների համար՝ հաջողության հասնելու սերտորեն փոխկապակցված աշխարհում:
Ամերիկյան խորհուրդները միջազգային կազմակերպություն է, որն ունի ներկայացուցչություններ ավելի քան 60 երկրներում: Հայաստանում Ամերիկյան խորհուրդները իր պաշտոնական գործունեությունն է սկսել 1996 թվականից, բայցեւայնպես այս կարճ ժամանակահատվածում Ամերիկյան խորհուրդները Հայաստանում իրականացրել է ԱՄՆ-ի կառավարության կողմից հովանավորվող տասնյակ ծրագրեր (FLEX, JFDP, TEA, LFP եւ այլն)` հնարավորություն տալով ավելի քան 1200 աշակերտների, ուսանողների, դասախոսների եւ վարչական աշխատակիցների սովորելու եւ մասնագիտական վերապատրաստում անցնելու ԱՄՆ-ի դպրոցներում եւ համալսարաններում:
Էլվիրա Դանան իր խոսքում շնորհակալություն հայտնեց այն բոլոր անհատներին եւ կազմակերպություններին, ովքեր այս 20 տարիների ընթացքում աջակցել եւ խրախուսել են Ամերիկյան խորհուրդների գործունեությունը Հայաստանում: Մասնավորապես, Է. Դանան կազմակերպության անունից երախտիքի խոսք հայտնեց ՀՀ Կրթության եւ Գիտության նախարարությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը, «Յունիսոն» կազմակերպությանը «ԱՐՄԱԿԱԴ»-ին, ԵՊՀ-ին, «Հայկական գիտական համագործակցությանը» ընթացիկ համագործակցության եւ առհասարակ կրթական ծրագրերին աջակցելու համար:




























