Գերմանիայի ներկայացուցիչներն արգելափակել են Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլը:

Եվրագոտու երկրների դիվանագետները հունիսի 20-ին պետք է հավանություն տային բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկին, որի համար անհրաժեշտ էր միաձայն որոշում կայացնել, սակայն Գերմանիայի ներկայացուցիչը արգելափակել է այդ որոշումը:
Բեռլինն անհանգստացած է Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներով եւ դրանց դեմ կառավարության բռնի գործողություններով: Գերմանացի դիվանագետի խոսքով՝ քննարկելով Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցը, պետք է հաշվի առնել թուրքական իշխանությունների կողմից իրենց երկրում բողոքի ակցիաները դաժանաբար ճնշելու փաստը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ավելի վաղ Եվրամիությունը կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին ոստիկանության գործողությունների լայնամասշտաբ հետաքննություն սկսել, որը անհամարժեք ուժ էր կիրառել Ստամբուլում ցուցարարներին ցրելու ժամանակ: ԵՄ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցություններն սկսվել են դեռեւս 2005-ին, առաջադրվել էին 35 տեխնիկական կետեր, որոնք Թուրքիան պետք է կատարեր՝ ԵՄ պահանջներին բավարարելու համար: