Վերջերս Գյումրիի քաղաքապետի տանը խուզարկություն է կատարվել, եւ այդ փաստը Վարդան Ղուկասյանը շատ ծանր է տարել: Նա սկսել է գոռգոռալ իրավապահների վրա եւ հայտարարել, թե «գիտի, թե ում ձեռքի գործն է»: Խուզարկությունն իրականացվել է Սառնաղբյուր գյուղի կրակոցների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, որում խառնված է նաեւ Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Ու չնայած դժգոհությանը, քաղաքապետը չի հակադրվել խուզարկությանը: Քրեական գործով շարունակում են կալանքի տակ մնալ 4 անձ, որոնցից 2-ին գյուղի բնակիչներն արդեն ճանաչել են:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տվյալներով, տուժածների մեջ է նաեւ Սառնաղբյուրի նախկին գյուղապետ Հրաչ Աճեմյանի որդին: Եւ ինչպես պարզվել է վերջերս, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանն այցելել է գյուղ՝ Աճեմյանին համոզելու, որ Վարդան Ղուկասյանի դեմ ցուցմունքներ չտա:

Հիշեցնենք, որ վերջերս Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղը հայտնվել էր ոստիկանների եւ հատուկջոկատայինների օղակի մեջ: Պատճառն այն էր, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր «ախպերության հետ» կրկին ծեծկռտուք էր սարքել: Արդյունքում հրազենային վնասվածքով մեկ անձ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկաններին հաջողվել էր ձերբակալել Ղուկասյանի որդուն եւ նրա սափրագլուխ ընկերներին: Համաձայն ոստիկանության հաղորդագրության, կրակոցներից տուժել է գյուղի բնակիչ Գեւորգ Հակոբյանը, որին տեղափոխել են Գյումրիի հիվանդանոց հրազենային վնասվածքով: Նա ընդմիշտ հաշմանդամ կմնա, քանի որ գնդակը ջախջախել է ձախ ոտքի ոսկորը: