Հունաստանում մարտի 11-ին համընդհանուր գործադուլ է հայտարարված: Ողջ օրվա ընթացքում կաթվածահար է լինելու ավիացիոն, երկաթուղային, ծովային հաղորդակցությունը, կդադարեցվի հանրային տրանսպորտի աշխատանքը:
Ինչպես հայտնել են պետական եւ մասնավոր հատվածի ազդեցիկ արհմիությունները, երկրում կփակվեն գրեթե բոլոր հաստատությունները՝ բանկերից եւ դպրոցներից մինչեւ ոստիկանություն եւ հիվանդանոցներ:
Գործադուլն իրականացվում է ի նշան բողոքի կառավարության կոշտ միջոցների դեմ, որոնք կրճատել են աշխատավարձերը պետական հատվածում, սառեցրել թոշակները եւ ավելացրել հարկերը՝ հուսալով սանձել տնտեսական ճգնաժամն ու զգալի բյուջետային դեֆիցիտը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հունաստանի պետական պարտքը կազմում է մոտ 300 մլրդ եվրո, ինչը գերազանցում է նրա ՀՆԱ-ն: Այս տարի, Հունաստանը պետք է նոր վարկեր վերցնի՝ 53 մլրդ եվրոյի չափով, ընդ որում 20 մլրդ-ն անհրաժեշտ է մինչեւ մայիսի վերջ:



























