Սենատոր Ջոն Մաքքեյնը, որը «Մագնիտսկու օրենքի» նախաձեռնողներից էր, Սպիտակ տանը կոչ է արել ընդլայնել ռուսների ցանկը, որոնց նկատմամբ վիզային եւ ֆինանսական պատժամիջոցներ են կիրառվում: Այս մասին Մաքքեյնը հայտարարել է CNN-ի հետ հարցազրույցում:
«Ժամանակն է Ռուսաստանի հանդեպ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելու: Ժամանակն է խոսել մարդու իրավունքների խախտումների մասին, դատերի մասին, ԿԳԲ-ի այդ բռնակալ գնդապետի մասին, որը շարունակում է հարստահարել ռուս ժողովրդին: Մենք նվազագույնը պետք է արձագանքենք դրան, այդ թվում՝ «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնման ճանապարհով», - հայտարարել է Մաքքեյնը:
Հարցազրույցը վարող Քենդի Քրոուլին նկատել է, որ ԱՄՆ-ն պետք է արտահայտվի Էդվարդ Սնոուդենի հարցով, որն արդեն գրեթե մեկ ամիս է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարածքում է եւ քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից:
Ընդհատելով նրան՝ Մաքքեյնը հավելել է. «Դա պետք է որոշակի էֆեկտ ունենա: Հենց հիմա մենք ոչ մի պատասխան չենք տալիս»:
Սենատորը հավելել է, որ որոշ ժամանակ առաջ Սիրիայի իրավիճակը քննարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ իր գործընկեր Լինդսի Գրեմի հետ, որը նախորդ շաբաթ կոչ էր արել բոյկոտել Սոչիի Օլիմպիադա-2014-ը՝ ի պատասխան Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելուն: Հանդիպման մանրամասները Մաքքեյնը չի պատմել, բայց իր կարծիքը ասել է, գրում է Forbes.ru-ն:
«Այժմ Մերձավոր Արեւելքում եւ դրանից դուրս շահերի բախում է տեղի ունենում՝ ռուսների նկատելի մասնակցությամբ, իսկ մենք նստած նայում ենք, թե մարդկանց ինչպես են հարստահարում», — հայտարարել է սենատորը:
Հուլիսի կեսերին Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները ուսումնասիրում են «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնման հավանականությունը: Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել էր, որ Մոսկվան ստիպված կլինի կոշտ պատասխան տալ:





























