Հրաշալի լուր ստացանք թագաժառանգի ծննդյան մասին. ջերմ մաղթանքներս փոքրիկ տղային ու նրանով հպարտ ծնողներին: Նման հաղորդագրություն է տարածել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը՝ Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան կապակցությամբ:
Դեսպանատան պատերին բրիտանական դրոշներ ու պոստեր են փակցված, որոնց վրա գրված է. «Տղա է»:
Հիշեցնենք, որ նախօրեին Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոցում լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Քեյթը տղա է ունեցել:
«Նորին թագավորական մեծություն Քեմբրիջյան դքսուհին Քենսինգթոնյան պալատի ավտոմեքենայով մոտեցել է Սուրբ Մարիամ հիվանդանոցի Lindo թեւին»,- նշվում է պաշտոնական հայտարարության մեջ:
Միդլթոնը ծննդաբերել է այն կլինիկայում, որտեղ ծնվել է նաեւ նրա ամուսինը: Արքայազն Ուիլյամը ոչ մի քայլ չէր հեռանում կնոջից, իսկ ապագա մայրիկը ծննդաբերությունից առաջ հղիների համար յոգայի դասընթացների է հաճախել:
Նորածնին խնամելու է մանկաբույժ Բեթի Պարսոնը: Երբ զույգի առաջնեկը ծբվել է, Բուքինգհեմյան պալատի դարպասին կախված ցուցանակի միջոցով տեղեկացրել են այդ մասին:
Հիշեցնենք, որ օրերս հիվանդանոցի դռների առջեւ լրագրողները տեսախցիկներ էին տեղադրել, որպեսզի բաց չթողնեն պահը, երբ Քեյթ Միդլթոնը երեխան գրկում դուրս կգա հիվանդանոցից:





























