Ադրբեջանի ռազմական բյուջեի կրճատումը կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի մաս։ Մարտի 11-ին ելույթ ունենալով ՆԱՏՕ-խորհրդարարանական վեհաժողովի «Ռոուզ ռոթ» սեմինարին՝ հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը։ Նա նշել է, որ որքան ձգձվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, այդքան ավելի շատ են տուժում Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունները, այդ պատճառով անհրաժեշտ է անհապաղ լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը։ Լենմարկերն անթույլատրելի է համարում Բաքվի կողմից կատարված ռազմատենչ հայտարարությունները, ավելին՝ նրա կարծիքով Ադրբեջանը պետք է կրճատի իր ռազմական բյուջեն։
Հատուկ ներկայացուցչի խոսքով, եվրոպական բոլոր պետությունները կրճատում են իրենց ռազմական բյուջեները եւ «Նույնը պետք է տեղի ունենա նաեւ Հարավային Կովկասում»։
Նշենք, որ ՆԱՏՕ-խորհրդարարանական վեհաժողովի «Ռոուզ ռոթ» եռօրյա սեմինարը մեկնարկել է մարտի 11-ին, Երեւանում։ Քննարկումները հիմնականում կծավալվեն «Տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում. մարտահրավերները, հնարավորությունները եւ հեռանկարները» թեմայի շուրջ։



























