Հայ ժողովուրդը պասիվ է բողոքում՝ լքելով իր երկիրը: Այս մասին այսօր՝  հուլիսի 24-ի մամուլի ասուլիսում հայտնել է  Ղարաբաղի պատերազմի վետերան,  Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» միության նախագահ Էդուարդ Պոլատովը՝ խոսելով հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման մասին:

Մամուլի ասուլիսի մյուս բանախոս, ասորիների «Աթուր» միության նախագահ, Հայաստանի վաստակավոր դերասան Ռազմիկ Խոսրոյեւը նշել է, որ երկրում թանկացումները մարդու իրավունքների խախտում են: Նա ընդգծել է, որ Հայաստանում տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ուղղված բողոքի ցույցերը հայ հասարակության զարգացման համար առաջընթաց քայլ են: 

Մամուլի ասուլիսի երրորդ բանախոս, եզդիների հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը հայտնել է, որ գործազրկությունը եւ արտագաղթը հենց տարատեսակ թանկացումների հետեւանքներն են:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երեւանում  ուղեւորատար ավտոբուսների եւ երթուղայինների սակագինը 100 դրամից դարձել է 150 դրամ, իսկ տրոլեյբուսներինը՝ 50  դրամի փոխարեն 100 դրամ: Քարոզարշավի ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընտրողներին խոստացել էր, որ  տրանսպորտի գինը չի թանկանալու: