«Մենք այսքան տարիների ընթացքում չկարողացանք լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը»,- մարտի 12-ին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Երեւանում տեղի ունեցող «Ռոուզ Ռոթ» սեմինարի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն՝ ընդգծելով, որ բանակցությունների սկզբի տարիներին իրենք աշխատում էին գտնել մի լուծում, որը թույլ կտա Ղարաբաղը կրկին մտցնել Ադրբեջանի ենթակայության տակ, հետո փորձ արվեց այնպիսի լուծում գտնել, որի պարագայում Ղարաբաղի չէր լինի Ադրբեջանի կազմում, եւ դա ընդունելի կլիներ Ադրբեջանի համար:
Սակայն տեսնելով, որ այդ երկու տարբերակներն էլ անընդունելի են այս կամ այն կողմի համար, 2007-ին առաջ եկան 14 էջից բաղկացած մադրիդյան սկզբունքները, որտեղ ներառված են երեք հիմնական սկզբունքներ. Տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ ուժի կիրառման բացառում: Նա ներկայացրեց մադրիդյան սկզբունքներից մի քանիսը, որոնք հրապարակվել են համանախագահող երկրների նախագահների կողմից. Դրանք են. Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, որը թույլ կտա Ղարաբաղի ժողովրդին անվտանգ ապրել, փախստականների պրոգրեսիվ վերադարձ իրենց նախկին բնակության վայրերը, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում եւ ի վերջո, կարգավիճակը վերաբերյալ հանրաքվեի անցկացում:
«ԼՂ կարգավիճակին շատ ավելի հեշտ կլինի հասնել, եթե երկու հասարակությունները միմյանց հետ հաշտ ապրեն»,- ասաց Ֆասիեն ու հավելեց, որ Կոսովոյի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու նախադեպը փոքր ինչ փոխեց իրավիճակը, քանի որ Ադրբեջանն ավելի զգուշավոր դարձավ եւ սկսեց պնդել, որ խնդիրը պետք է լուծվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ինչին ընդդիմացան համանախագահները:
Ի դեմ, ֆրանսիացի համանախագահը տեղեկացրեց, որ երեքշաբթի օրը մարտի 16-ին Փարիզ է մեկնելու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որտեղ հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:



























