«Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում իրավիճակները բացարձակապես համեմատելի չեն»,- մարտի 12-ին Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն` ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ Կոսովոյի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու նախադեպը չի կարելի կիրառել Ղարաբաղի դեպքում:

Նա ներկայացնելով այդ երկու հակամարտություններում իրավիճակների տարբերությունն ասաց. «Նախ Կոսովոյի հակամարտությունը դա հակամարտություն էր մեկ երկրի ներսում, այնինչ ԼՂ խնդրի պարագայում այդ հակամարտությունն ե՛ւ մեկ երկրի` Ադրբեջանի ներսում էր, որտեղ ԼՂ բնակչությունը պայքարում էր Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների դեմ, ե’ւ երկու առանձին երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ»: Երկրորդ տարբերությունն, ըստ Ֆասիեի, այն է, որ Կոսովոյում տարիներ շարունակ եղել են միջազգային ուժեր, իսկ ԼՂ պարագայում ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանում ոչ էլ Ղարաբաղում միջազգային ուժեր չեն եղել եւ հիմա էլ չկան:

«Հայերը Կոսովոն նախադեպ են համարում, որը պետք է կիրառել նաեւ ԼՂ հակամարտությունը լուծելու համար, սակայն նույնը չի կարելի կիրառել Ղարաբաղում: Ի վերջո, ԼՂ-ն չի ճանաչվել աշխարհի ոչ մի երկրի կողմից, այդ թվում նաեւ Հայաստանի»,- ընդգծեց ֆրանսիացի համանախագահը, հավելելով, որ Կոսովոյի անկախությունը ճանաչելու նախադեպը ավելի զգուշավոր ու պահանջկոտ է դարձրել Ադրբեջանին, քանի որ նրանք մտածում են՝ եթե կարգավորման հիմքում դրվի ազգերի ինքնորոշման սկզբունքը, դա կարող է հանգեցնել Ղարաբաղի անկախացման: