Մարտի 14-ին Թբիլիսիի կենտրոնում ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են պատժել անցած շաբաթ «Իմեդի» հեռուստալիքով ցուցադրված «ռուսական ներխուժման» մասին հատուկ ծրագրի պատասխանատուներին։ Բողոքի ակցիային, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», մասնակցել են կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ավելի քան 200 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայտնի իրավապաշտպաններ եւ հասարակական գործիչներ։
Ինչպես նշել է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Դաչի Ցագուրիան, վրացական ազգային գրեթե բոլոր հեռուստաալիքները ղեկավարվում են իշխանությունների կողմից, եւ դա է պատճառը, որ «Իմեդիով» հեռարձակված հաղորդումը «եթեր չէր կարող դուրս գալ առանց իշխանություների, այդ թվում՝ նախագահ Սահակաշվիլու գիտության»: Ցույցի բոլոր մասնակիցների անունից նա պահանջել է պատասխանատվության ենթարկել հաղորդմանը մասնակից բոլոր անձանց։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն, «Սահակաշվիլին գիտեր դրա մասին, քանի որ հեռուստաալիքում ոչ ոք առանց նրա գիտության չէր կարող նման պրովոկացիայի գնալ։ Մարդկանց վախեցնում են ռուսական վտանգով՝ թաքցնելով սեփական քաղաքականության սնանկությունը»:
Նշենք, որ մարտի 14-ին վրացական լրատվամիջոցները հայտնել են Միխայիլ Սահակաշվիլիի արձագանքը` իր իսկ սպանության մասին ռեպորտաժի վերաբերյալ։ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ նորությունների իմիտացիան թեպետ տհաճ է, սակայն օգտակար։ Ցուցադրված ռեպորտաժը, նրա կարծիքով, թույլ կտա իրական կյանքում խուսափել նմանօրինակ սցենարից։
Հիշեցնենք, որ որպես հատուկ թողարկում ցուցադրված հեռուստասյուժեում հաղորդվել էր, թե «այսօր Ցխինվալում ահաբեկչություն է կատարվել Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի նկատմամբ, ինչից հետո ռուսական զինուժը ներխուժել են Վրաստան»: Այնուհետեւ հայտնվում էր, որ Միխայիլ Սահակաշվիլին մահացել է եւ կառավարություն կստեղծվի Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ։



























