ՆԱՏՕ-ի քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության վարչության գործընկերության եւ համագործակցության բաժնի պետ Դոկտոր Ալբերտո Բինի գլխավորությած պատվիրակությունը օգոստոսի 7-ից 9-ը գտնվում էր Հայաստանում: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ուղեկցում էր Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ուիլյամ Լահյուն:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խմբի այցի նպատակն էր քննարկել «Բարեվարքության ամրապնդումը - Building Integrity» նախաձեռնության շրջանակում ՀՀ ՊՆ կողմից իրականացվող քայլերը եւ մեթոդական օժանդակություն տրամադրել նախաձեռնության ինքնագնահատման հարցաշարի լրացման հարցերում: «Բարեվարքության Ամրապնդում» նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի, մի շարք երկրների եւ միջազգային հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով մշակված պաշտպնական ոլորտի հակակոռուպցիոն ծրագիր է, որին 2013թ. միացել է նաեւ Հայաստանը` ի դեմս ՀՀ ՊՆ-ի:
Այցելության ընթացքում ՆԱՏՕ-ի խմբի անդամները ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների բարեվարքության ամրապնդման հարցերի պատասխանատուներին ներկայացրին ծրագրի իրականացման փորձը, ծանոթացան այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերին: Նախքան բուն ծրագրի մեկնարկը խմբի անդամներին ներկայացվեցին ՀՀ ՊՆ կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված «Ազնվության փորձարկման» արդյունքները: Վերջինս նպատակ էր հետապնդում պարզել առանձին ստորաբաժանումների կողմից իրենց գործունեության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ընկալման եւ դրանց մասին խոսելու պատրաստակամության աստիճանը:
Խմբի անդամները առանձին հանդիպումներ ունեցան նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ: Նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց բարեվարքության ամրապնդման նախաձեռնության քաղաքականությունը` ՀՀ պաշտպանական բարեփոխումների, Պաշտպանության Ռազմավարական Վերանայման եւ միջազգային գործընկերների հետ համագործակցության համատեքստում: Կարեւորվեց ծրագրի ինքնագնահատման փուլի ընթացքում այլ պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության անհրաժեշտությունը: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՆԱՏՕ-ի կողմից ընթացիկ փորձագիտական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ:
Նախարարի տեղակալ Արա Նազարյանը ՆԱՏՕ-ի խմբի անդամներին ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը, ի հայտ եկած հարցերը, անդրադարձավ հարցաշարի լրացման մեթոդոլոգիական խնդիրներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջազգային փորձի շրջանակում ծրագրի իրագործման գործիքակազմի փոխառնման հնարավորությունները:
ՀՀ ՊՆ առաջարկությամբ ՆԱՏՕ-ի խմբի անդամներին ընդունեցին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները` գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ եւ անհատ փորձագետներ: Ներկայացվեցին բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ հարակից ուղղություններով ՊՆ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ ծավալված համագործակցության արդյունքները, խոսվեց հետագա համագործակցության ուղղությունների մասին:
ՆԱՏՕ-ի խմբի անդամներն այցելեցին նաեւ ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ, որտեղ ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանը նրանց ներկայացրեց քաղաքացիական ծառայողների համար իրականացվող հակակոռուպցիոն դասընթացները եւ ինստիտուտի գործունեության այլ ասպեկտներ:





























