West Publishing ընկերության թոշակի անցած ղեկավար Ջերարդ Գաֆեսճյանի նախկին օգնականին պաշտոնապես մեղադրանքներ է առաջադրել Մինեապոլիսի դաշնային մեծ ժյուրին: Մեղադրանքների համաձայն՝ նա միլիոնավոր դոլարներ է յուրացրել իր նախկին գործատուից, ընդ որում, դա արել է ավելի քան 10 տարի շարունակ եւ այդ միջոցների մասին չի նշել իր եկամուտների հայտարարագրում:
Ինչպես գրում է «Star Tribune»-ը, Ջոն Ուոթերս Կրտսերի նկատմամբ մեղադրական եզրակացությունում 4 կետ վերաբերում է խաբեբայությանը փոստն օգտագործելով, 16 կետ՝ հաղորդակցության էլեկտրոնային միջոցներն օգտագործելով, 3 կետ վերաբերում է հարկերից խուսափելուն եւ եւս 3 կետ՝ կեղծ հարկային հայտարարագիր ներկայացնելուն:
56-ամյա Ուոթերսը Գաֆեսճյանի մոտ սկսել է աշխատել 1994-ից: 2012-ին նա հայց է ներկայացրել Գաֆեսճյանի դեմ՝ հայտարարելով, որ նա մոտ 300 մլն դոլար է ստացել 1996-ին ընկերության վաճառքից, երբ այն գնել է Thomson կորպորացիան (ներկայումս Thomson Reuters):
Իր հայցում Ուոթերսը պնդել է, որ Գաֆեսճյանն իրեն չի վճարել 5 մլն դոլար փոխհատուցումների համար: Գաֆեսճյանը հերքել է մեղադրանքները եւ հանդես եկել պատասխան հայցով՝ հայտարարելով, որ Ուոթերսը յուրացրել է մոտ 5 մլն դոլար:





























