Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վաշինգթոնում երկկողմ բանակցությունների արդյունքում հաստատել են կառուցողական եւ փոխվստահելի երկխոսության անհրաժեշտությունը բոլոր մակարդակներում, ասված է՝ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Վաշինգթոնում օգոստոսի 9-ին, տեղի է ունեցել «2+2» ձեւաչափով հանդիպումը, որին Սերգեյ Լավրովից ու Ջոն Քերրից բացի մասնակցել են նաեւ երկու երկրների պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն ու Չաք Հեյգելը:

Հայտարարությունում նշվում է, որ Լավրովն ու Քերրին քննարկելի են Էդվարդ Սնոուդենին ՌԴ-ում ժամանակավոր ապաստան տալու հարցը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվողն արդիական մի շարք խնդիրներ, հաղորդում է BFM.RU-ն:

Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Reuters-ը, Լավրովը «անոմալիա» է համարել Էդվարդ Սնոուդենի հետ կապված իրավիճակը, հիշեցնելով, որ «սառը պատերազմը» ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ չկա: Նա նշել է, որ ռուսական կողմը գործել է օրենքի եւ միջազգային իրավունքի շրջանակներում, այդ  իրավիճակում այլ օրինական տարբերակներ պարզապես չկան: «Առավել եւս, որ ԱՄՆ-ի հետ արտահանձնման պայմանագիր չունենք, որովհետեւ նրանք երկար տարիներ հրաժարվում են նման պայմանագիր կնքել»,-ասել է Լավրովը:

Ջոն Քերրին իր հերթին նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է տարաձայնությունները հարթելու հնարավորություններ գտնեն եւ համաձայնեցնեն մոտեցումները Սիրիայի, ինչպես նաեւ այլ միջազգային խնդիրներում:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», Ջոն Քերրի ելույթը եղել է հաշտության ոգով: «Մենք Սերգեյ Լավրովի հետ հոկեյ ենք խաղում, իսկ հոկեյում շատ լուրջ բախումներ են լինում: Պետությունների հարաբերությունները, երբեմն փորձությունների պահեր են ունենում, բայց հակասությունները չպետք է խանգարեն համագործակցությանը»,-ասել է Քերրին: