Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում ԱՄՆ դեսպանատները, որոնք փակվել էին օգոստոսի սկզբին, «Ալ-Կաիդայի» կողմից ահաբեկչության սպառնալիքի պատճառով, իրենց աշխատանքը կվերսկսեն օգոստոսի 11-ից: Այս մասին հաղուդում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նախատեսվում է բացել փակված 19 դեսպանատներից 18-ը: Եմենի մայրաքաղաք Սանայում ԱՄՆ դեսպանությունը դեռեւս փակ կմնա՝ հարձակման սպառնալիքի շարունակման պատճառով: «Սանայում մեր դեսպանատունը փակ կմնա սպառնալիքների հոսքի պատճառով, որը ցույց է տալիս Արաբական թերակղզում «Ալ-Կաիդայի» կողմից ահաբեկչության հնարավորությունը»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսաքին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրա խոսքով՝ փակ կմնա նաեւ Պակիստանի Լահոր քաղաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը, որը փակվել է օգոստոսի 9-ին նմանատիպ սպառնալիքների պատճառով:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանություններն իրենց 19 դեսպանատների փակման որոշումը երկարաձգել էին մինչեւ օգոստոսի 10-ը: Չեն աշխատում ԱՄՆ դեսպանատները ԱՄԷ-ում, Հորդանանում, Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Քուվեյթում, Բահրեյնում, Օմանում, Եմենում, Սուդանում, Լիբիայում, Բուրունդիում, Ջիբութիում, Ռուանդայում, ինչպես նաեւ Մադագասկարում եւ Մավրիկիայում:

ԱՄՆ 19 դեսպանատներ մինչեւ շաբաթվա վերջ փակ կմնան՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ