Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գիշերներ է անցկացնում Ուգո Չավեսի գերեզմանի մոտ: Նա այդ մասին խոստովանել է «Բոլիվարյան երկխոսություններ» հեռուստահաղորդման ժամանակ: Մադուրոյի խոսքով՝ նա այցելում է Չավեսի գերեզմանին խորհելու համար:

Մադուրոն նշել է, որ բազմաթիվ անգամ երեկոյան ժամերին այցելել է թանգարան, որտեղ Չավեսի սարկոֆագն է եւ մնացել է գիշերելու: Նախագահը հավելել է, որ երբեմն այնտեղ են այցելել նաեւ իր մտերիմները: «Գիշերները մենք հաճախ խորհում ենք տարբեր բաների մասին»,-ասել է Մադուրոն:

Ավելի վաղ Մադուրոն պատմել էր, որ Չավեսը իրեն է երեւացել թռչունի տեսքով: Մի անգամ, ըստ նրա, եկեղեցու ներս է մտել մի թռչնակ, պտտվել է իր գլխավերեւում, նստել ու սկսել ծլվլալ: «Ես ի պատասխան սուլեցի: Թռչունը տարօրինակ կերպով նայեց, հետո էլի ծլվլաց ու թռավ գնաց»,-պատմել է Մադուրոն՝ հավելելով, որ այդ պահին անպատմելի զգացողություն է ունեցել, կարծես Չավեսը իրեն օրհնել է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ուգո Չավեսը մահացել է քաղցկեղից այս տարվա մարտին: Նրան թաղել են սարկոֆագում, Հեղափոխության թանգարանում: