Իսպանիայի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինները կալանավորել են 75 մարդու, որոնք մարդկանց առեւտրով զբաղվող հանցավոր խմբավորման անդամներ են: Նրանք ապօրինի կերպով Եվրոպա եւ ԱՄՆ էին բերում Ասրայի երկրների քաղաքացիների:
Համատեղ գործողությունն իրականացվել է Իսպանիայի տասնյակ խոշոր քաղաքներում եւ Ֆրանսիայի հետ սահմանին: Գործի քննությունն սկսվել է 2011-ի հուլիսին: Ոստիկանության տվյալներով՝ զոհերի անունով կեղծ փաստաթղթեր էին գրանցում, նրանց նաեւ մանրամասն բացատրում էին, թե ինչպես ներկայանալ որպես սովորական զբոսաշրջիկներ:
Ինչպես հաղորդում է Life News-ը, ի վերջո, ապօրինի ներգաղթյալների մեծ մասին սեռական ստրկության են վաճառել: Գործողության ընթացքում ոստիկանները 81 անձնագիր են առգրավել, որոնք եղել են Չինաստանի, Թայվանի, Կորեայի, Մալայզիայի, Ճապոնիայի եւ Սինգապուրի քաղաքացիների անձնագրեր:





























