Գերմանիայում էլեկտրոնային փոստի երեք խորոշագույն ծառայություններ (T-Online, GMX եւ Web.de) Սնոուդենի կողմից կատարված բացահայտումներից հետո կկոդավորեն իրենց օգտատերերի գրագրությունը՝ ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսումից խուսափելու համար:

Այս որոշման մասին հայտարարել են գերմանական հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունները՝ Deutsche Telekom-ն ու United Internet-ը, որոնց փոստային ծառայություններից օգտվում է գերմանաից ինտերնետ-օգտատերերի 60 տոկոսը, հաղորդում է НТВ-ն՝ վկայակոչելով Deutsche Welle-ն:

Deutsche Telekom-ի ղեկավար Ռենե Օբերմանի խոսքով՝ E-Mail Made in Germany նոր ծառայությունը բաց է նաեւ այլ ընկերությունների համար եւ կարող է նույնիսկ ընդլայնվել ողջ Եվրոպայով: Այլ պրովայդերների ծառայությունների օգտվեղները ստիպված կլինեն ինքնուրույն ակտիվացնել կոդավորման գործառույթը:

Օբերմանն ընդգծել է, որ միջազգային էլեկտրոնային գրագրության անվտանգությունը կարող է երաշխավորվել միայն այն դեպքում, եթե սերվերները լինեն Գերմանիայի տարածքում: