Չեխ վարորդները մայրուղում «զբոսնող» հսկայական 30 կգ-անոց կրիային այլմոլորակայինի տեղ են դրել: Այս մասին հաղորդում է Չեխական ռադիոն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ մի քանի մարդ զանգահարել են Ռոկիցանի քաղաքի ոստիկանություն՝ հայտնելով, որ ավտոմայրուղու վրա չտեսնված մի կենդանի է շրջում, որը խանգարում է վարորդներին: Զանգողներից մեկը հավաստիացնում էր, որ այդ էակը այլմոլորակային է:
Ժամանած ոստիկանները հայտնաբերել են հսկայական կրիային, որի երկարությունը եղել է մեկ մետր, քաշը՝ 30 կգ:
Պարզվել է, որ դա ամերիկյան մեծ կրիա է, որն, ամենայն հավանականությամբ, Չեխիա են բերել էկզոտիկ կենդանիների սիրահարները: Ոստիկանները ենթադրում են, որ «այլմոլորակայինը» անաղմուկ դուրս է եկել տնից՝ զբոսնելու: Ներկայումս ոստիկանությունը փնտրում է կրիայի տիրոջը:





























