Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ամերիկյան BULKELEY ռազմանավի վրա պաշտոնական ընդունելության ժամանակ, սկսել է հարցեր պարզաբանել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Կոնֆլիկտը վերաբերել է 2008թ օգոստոսյան պատերազմին։ Սահակաշվիլին հայտարարել է, որ չի կիսում Իվանիշվիլիի այն կարծիքը, որ իրադարձությունների համար մասամբ մեղավոր է Վրաստանը։

«Ես լսեցի, որ Ռուսաստանն ագրեսոր է եւ դա ճիշտ թեզ է... Բայց միաժամանակ կարծիք հնչեց, որ վրացական կողմը պատասխանատու է այդ պատերազմի համար... Ես կտրականապես դեմ եմ այն պնդմանը, որ Վրաստանը որեւէ պատասխանատվություն է կրում 2008-ի պատերազմի համար»,-հայտարարել է Սահակաշվիլին:
«Ով այդպիսի բան է ասում, նա կամ չի սիրում Վրաստանը, կամ Ռուսաստանի հետ դավադրության մեջ է: Հույս ունեմ, որ դուք դավադրության մեջ չեք Վրաստանի թշնամու հետ եւ գիտակցում եք ձեր պատասխանատվությունը»,-ընդգծել է Սահակաշվիլին՝ դիմելով երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Վրացական լրատվամիջոցները նկատել են, որ չսպասելով նախագահի ելույթի ավարտին՝ Իվանիշվիլին բարձրաձայն նկատել է, որ «Սահակաշվիլին նախ պետք է հետեւի իր վարքին»։

Վրացական խորհրդարանի խոսնակը ընդունելությունից հետո հայտարարել է, որ Սահակաշվիլին դուրս է եկել պաշտոնական կանոնակարգի շրջանակներից, ինչի համար ներողություն է խնդրել ընդունող կողմից՝ ամերիկյան պատվիրակությունից։

Հիշեցնենք, որ նման հայտարարություն Իվանիշվիլին արել է Գորիում ռազմական երդման արարողության ժամանակ։

Իվանիշվիլի. Ռուսաստանը 2008թ ագրեսիա է իրականացրել