Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Գասերը օգոստոսի 12-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, փոխնախարար Հովակիմյանը հաջողություն է մաղթել նրան եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Գոհունակությամբ հիշատակվել է վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կարեւորվել է տարբեր ոլորտներում առկա համագործակցության շարունակական ընդլայնումը:
Անդրադարձ է կատարվել հայ-շվեյցարական համագործակցությանը միջազգային կառույցներում, մասնավորապես` 2014թ. ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի կողմից ստանձնելիք նախագահությանը եւ այդ շրջանակում փոխգործակցության կարեւորությանը: Կողմերը երկուստեք ընդգծել են մշակույթի բնագավառում կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` այդ նպատակով օգտագործելով նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:
ՀՀ ԱԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից 25 տարի ի վեր Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերի համար:




























