Քալիֆորնիայի համալսարանում «քիչ հայտնի լեզուների» ուսուցման դասընթացներ են բացվել, որոնց շարքում է նաեւ հայերենը:
Ծրագրի նպատակը ներգաղթյալների երեխաների լեզվի իմացությունը պահպանելն է, հաղորդում է Քալիֆորնիայի հասարակական ռադիոն: Բացի հայերենից, ծրագրում ընդգրկված են նաեւ հինդուն, ռուսերենը, պրսկերենը եւ արաբերենը:
Հայոց լեզվի ուսուցիչ Շուշան Կարապետյանը մինչեւ 10 տարեկանն ապրել է Հայաստանում: Նա իր դասընթացն սկսում է նրանից, որ աշակերտներին հետազոտական ծրագրեր է հանձնարարում, ասենք Վիկիպեդիան ուսումնասիրել հայերենով, կամ հայերենով ներկայացնել ազգային ուտեստներից որեւէ մեկի բաղադրատոմսը:
«Ծնողներս միշտ սովորեցրել են ինչ-որ կերպ հավասարակշռել հայերենն ու անգլերենը»,-ասել է Շուշանը:
Թեեւ Հարավային Քալիֆորնիայում հայերենը տարածվածության առումով 5-րդ լեզուն է, Շուշանի խոսքով՝ երիտասարդ սերունդը այնքան էլ կենտրոնացած չէ այն սովորելու հարցում: «Կարծում եմ, հայ ընտանիքներում չեն գիտակցում, թե որքան արագ է լեզուն անհետանում իրենց կենցաղից: Նրանք բախվում են մի իրավիճակի, երբ անգլերենը գերիշխող է դառնում եւ երեխաները դժվարությամբ են խոսում հայերեն»,-ընդգծել է նա:





























