Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն, այսօր՝ օգոստոսի 13-ին, Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին գրավոր հանձնարարել է Բրազիլիայից՝ սառեցված եւ պահածոյացված միս, այդ թվում՝ թռչնամիս, Բելառուսից՝ ապխտած միս եւ կաթնաշոռ, Նիդեռլանդներից՝ պանիր, ԱՄՆ-ից՝ թռչնամիս եւ ձուկ, Նոր Զելանդիայից՝ ոչխարի միս Հայաստանի տարածք ներմուծելու ժամանակ կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար:
Ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դա պետք է կատարվի անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից եւ ուղեկցող փաստաթղթերի առկայությունից:
Նշենք, որ օգոստոսի 10-ին լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Բրազիլիայից՝ սառեցված եւ պահածոյացված միս, այդ թվում՝ թռչնամիս, Բելառուսից՝ ապխտած միս եւ կաթնաշոռ, Նիդեռլանդներից՝ պանիր, ԱՄՆ-ից՝ թռչնամիս եւ ձուկ, Նոր Զելանդիայից՝ ոչխարի միս ներկրելու դեպքում ներկրված սննդամթերքի մեջ աղիքային ցուպիկ եւ սալմոնելայի հարուցիչ կարող է հայտնաբերվել:





























