ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Գլենդելի քաղաքային խորհրդում քննարկվել է առաջիկա 5 տարում էլեկտրաէներգիայի սակագինը 29 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ առաջարկությունը, որի ժամանակ 3 կողմ եւ 2 դեմ ձայներով որոշումն ընդունվել է, գրում է Glendale News-Press-ը:

Նշենք, որ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի Գլենդելի ստորաբաժանումը, որում ընդգրկված են 150 քաղաքացիներ, մասնակցել է քննարկմանը եւ անհամաձայնություն հայտնել առաջարկին, ըստ որի 2013-ին էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրացվի 8 տոկոսով, 2014-ին՝ 7 տոկոսով, 2015-ին՝ 5 տոկոսով, իսկ 2016-ին ու 2017-ին՝ 2-ամական տոկոսով:

Քաղաքային խորհրդի անդամներ Արա Նաջարյանն ու Լորա Ֆրիդմանը՝ քաղաքապետ Ուիվերի հետ միասին կողմ են հանդես եկել ծրագրին, մինչդեռ քաղաքային խորհրդի անդամներ Զառա Սինանյանը եւ Ֆրենք Քինթերով կտրականապես դեմ են արտահայտվել սակագնի բարձրացմանը: