Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը, օգոստոսի 14-ին, հանդիպել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության նորանշանակ գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ, ով հունիսի 24-ին ընտրվել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն` 4 տարի ժամկետով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Կիրակոսյանը պարոն Լի Յոնգին է փոխանցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական նամակը` գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ ՀՀ կառավարության անունից հրավիրել է այցելել  Հայաստան: Բարձր գնահատելով ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ ՀՀ ներկա համագործակցությունը՝ դեսպան Կիրակոսյանը անդրադարձել է կատարված եւ ընթացիկ ծրագրերին եւ շեշտեց այդ ծրագրերի կենսական նշանակությունը ՀՀ արդյունաբերության  զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի շնորհավորական նամակի եւ Հայաստան այցելելու հրավերի համար՝ գլխավոր տնօրեն Լի Յոնգը գոհունակությամբ ընդգծել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության առջեւ ՀՀ կառավարության հանձնառությունների կատարման ընթացքը: