Պենտագոնը չորեքշաբթի հայտարարել է, որ մտադիր է ավելացնել սոցիալական արտոնությունները նույնասեռական զինծառայողների համար, որոնք ամուսիններ են: Ի դեպ, առավելություններ կտրվեն բոլոր զինծառայողներին, որոնք օրենքով ամուսնացած են՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից: Նրանք կստանան, օրինակ, բժշկական ապահովագրություն, բնակարանային սուբսիդիաներ: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:

«Պաշտպանության նախարարությունը նախկինի պես հավատարիմ է այն սկզբունքին, որ բոլոր տղամարդիկ եւ կանայք, որոնք ծառայում են ԱՄՆ Զինված ուժերում, պետք է ունենան հավասար իրավունքներ եւ հավասար լինեն օրենքի առջեւ»,-ասվում է հայտարարությունում:

Պենտագոնը հայտարարել է նաեւ, որ թույլ կտա գեյ զույգերին մեկնել այն նահանգներից, որտեղ արգելված են նույնասեռ միությունները եւ իրենց ամուսնությունները գրանցել մյուս 13 նահանգներում եւ Քոլումբիայի շրջանում, որտեղ դա թույլատրվում է:

Հիշեցնենք, որ նույնասեռականներին 2011-ի սեպտեմբերից ի վեր թույլ են տվել ծառայել ամերիկյան Զինված ուժերում: