Օգոստոսի 15-ին Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաքը նշում էր Քաղաքի օրը` զուգակցված հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումների հետ:

Մոտ երեք դար առաջ հայերի կողմից հիմնված քաղաքի Սուրբ Եղիսաբեթ հայ կաթողիկե եկեղեցում նշվել է Մարիամ Աստվածածնի տոնը,  որին հաջորդել է հայկական դասական երաժշտության երեկո եւ ավանդական հյուրասիրություն: Միջոցառումները կազմակերպել էին Ռումինիայի հայոց միության Դումբրավենի մասնաճյուղը` նախագահ Իոն Կալինեսկուի գլխավորությամբ, Տրանսիլվանիայի հայ կաթողիկե եկեղեցին եւ Դումբրավենի քաղաքապետարանը:

Դումբրավենի 250-ամյա հայկական եկեղեցում մատուցված պատարագի ավարտին երգչախմբի կատարմամբ հնչել է Հայաստանի օրհներգը, որին  հաջորդեց հայկական դասական ստեղծագործությունների կատարումներ՝ ռումին ճանաչված դուդուկահար Կոսմին Բալեանի ներկայացմամբ (ռումինական Սոնուս եռյակ): Հարյուրավոր հանդիսատեսներ առիթ ունեցան ծանոթանալու հայկական երաժշտությանը` դուդուկին, թավին, շվիին: Երեկոյին հաջորդեց եկեղեցու բակում կազմակերպված ժողովրդական տոնախմբությունը:

Միջոցառումներին ներկա էին Սիբիուի նահանգային խորհրդի նախագահ Իոան Չինդրեան, սենատոր Վիորել Արկաշը, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, Ռումինիայի հայոց միության փոխնախագահ Սիրուն Թերզյանը, Ռումինիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Արսեն Միքայելյանը:

Դումբրավենի հայկական համայնքը ամենաակտիվներից է հայապահպանության, հայկական մշակույթի տարածման գործում:

Նախորդ տարի Դումբրավենը եղբայրացավ  հայկական Նոյեմբերյանի հետ: Կազմակերպվեցին քաղաքապետերի փոխայցելություններ, ինչը լրացուցիչ խթան է  քաղաքի հայկական ավանդույթների պահպանման համար: