ԱՄՆ-ը թույլ տվեց Հայաստանին անդամակցել Մաքսային միությանը, որպեսզի չկորցնի Հայաստանի՝ իր ազդեցության տակ գտնվող իշխող վարչակազմին։
Այս մասին սեպտեմբերի 14-ի մամուլի ասուլիսում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանին չնեղացնելու եւ «արջին» չբարկացնելու համար Հայաստանը պետք է գնար այդ քայլին, այնուամենայնիվ, Հայաստանը կհամարվի ռուսական պլացդարմ՝ ամերիկամետ պաշտոնյաներով։ «Եթե Հայաստանը չհայտարարեր Մաքսային միություն մտնելու մասին, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիմակայություն կծագեր եւ Ռուսաստանը կոչնչացներ Հայաստանի իշխող ամերիկամետ կազմը», -նշեց Մանուչարյանը։
Նա նաեւ հավելեց, որ իրականում Հայաստանի առջեւ դրված չէր ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ ընտրություն կատարելու հարցը, քանի որ ԵՄ-ն ոչ այլ ինչ է, եթե ոչ կառույց, որի օգնությամբ ԱՄՆ-ն վերահսկում է Եվրոպան։
«Հայաստանում ազդեցության համար պայքարը չի ավարտվել։ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը շարունակում են աշխարհաքաղաքական բաշխումը»,- նշեց Մանուչարյանը։





























