Մաքսային միությունը «հետամնաց գավառ» է, այդ պատճառով Եվրամիության եւ այդ միավորման միջեւ ընտրությունը Ուկրաինայի համար առավել քան ակնհայտ է։ Նման տեսակետ է հայտնել ուկրաինացի փորձագետ, քաղաքական խորհրդատու Ալեքսանդր Պալին։
Փորձագետը վստահ է, որ Մաքսային միությունը Ուկրաինային ոչ մի օգուտ չի տա, հայտնում է Gazeta.ua-ը։
«Մաքսային միությունը հետամնաց, ֆեոդալային տնտեսությունների միություն է, որում պաշտպանված չեն մարդու, քաղաքացու իրավունքները։ Այն աշխարհին որեւէ նորարարություն չի տալիս», - նշել է Պալին։ Միաժամանակ, Եվրամիությունը, ըստ նրա, առաջատար տնտեսական հարաբերությունների միություն է։ «Եվրամիությունը խոշոր կենտրոն է, որը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 23%-ը, այն դեպքում, երբ Մաքսային միության ցուցանիշը հազիվ 3% է», - հստակեցրել է վերլուծաբանը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն եւ ՄՄ-ն անհամեմատելի են։ «Կենտրոններից մեկը 19-րդ դարից սկսած աշխարհին տալիս է չափորոշիչներ՝ մշակութային, քաղաքական, տնտեսական։ Մյուս կենտրոնն ուղղակի հետամնաց գավառ է», - նշել է Պալին։
Հիշեցնենք, սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միություն մտնելու եւ Եվրասիական տարածքին ինտեգրվելու մտադրության մասին։





























