Ռուսաստանն ու Սիրիան համաձայնեցրել են սիրիական քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը, բանակցությունների ավարտին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հասել ենք այն նպատակին, որը սեպտեմբերի 5-ին Պետերբուրգում կայացած «քսանի» գագաթաժողովում առաջադրել էին մեր նախագահները։ Այդ նպատակը Սիրիայի քիմիական զենքի վերահսկողությունը միջազգային հանրությանը հանձնելն էր», - ասել է նախարարը։ Նա ընդգծել է, որ նպատակին հասել են ռեկորդային ժամկետներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ջոն Քերին հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են մեկ շաբաթվա ընթացքում գնահատել քիմիական զենքի սիրիական զինապահեստը, ինչպես նաեւ առավելագույնս արագ հասնել դրա ոչնչացմանը, հաղորդում է RT-ն: «Մենք պայմանավորվել էինք, որ միջազգային հանրությունն արագ վերահսկողություն կհաստատի Սիրիայում քիմիական զենքի նկատմամբ: Մեկ շաբաթվա, այլ ոչ թե 20 օրվա ընթացքում Սիրիան պետք է ներկայացնի քիմիական զենքի ցուցակը: Պետք է ոչնչացվի սիրիական ամբողջ քիմիական զենքը, այդ թվում նաեւ՝ Սիրիայի սահմաններից դուրս», - ասել է նա: «Մենք վճռել ենք, որ Սիրիայում հակամարտության կարգավորման ռազմական լուծում չկա, այն պետք է քաղաքական լինի: Պետք է բանակցողների թիմ լինի: Մենք միասին կանենք դա», - Քերիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Իր հերթին Սերգեյ Լավրովը նշել է, որ փաստաթղթերը, «որոնք մենք ստորագրել էինք սիրիական հարցի վերաբերյալ, փոխզիջումային են, մասնագիտական»: «Միջազգային անձնակազմի անվտանգության պատասխանատվությունը կրելու են ոչ միայն սիրիական իշխանությունները, այլեւ ընդդիմության ներկայացուցիչները», - նշել է նա: Բացի դրանից, ըստ նրա, «քիմիական զենք կիրառելու ցանկացած փաստ կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում, եւ ԱԽ-ն կկիրառի որոշակի, համաչափ միջոցներ»:
«Ուժ կիրառելու մասին ոչ մի խոսք չի կարող լինել, ինչպես նաեւ չի խոսվում ավտոմատ պատժամիջոցներ կիրառելու մասին: Դա սիրիական քիմիական զենքի ոչնչացման միայն սկիզբն է», - հայտնել է ռուս դիվանագետը:





























