ԱՄՆ կոնգրեսական Դանա Ռորաբահերը, ով նախկինում եղել է Ռոնալդ Ռեյգանի խոսնակը, պատմել է, որ 1990-ական թթ.-ի սկզբին երիտասարդ քաղաքական գործիչ Վլադիմիր Պուտինը հաղթել է իրեն բազկամարտում:

Նրա խոսքով, այն ժամանակ Վաշինգթոն էր ժամանել ռուսական մի պատվիրակություն, որին ընդունող կողմի քաղաքական գործիչները համատեղ գործունեության ընդմիջումների ժամանակ ամերիկյան ֆուտբոլ խաղալ էին սովորեցնում: Ընկերական խաղի ժամանակ ռուսներն ու ամերիկացիները ուղեւորվել են իռլանդական գարեջրատուն:

Պատվիրակության անդամներից մեկը Վլադիմիր Պուտինն էր, ով այն ժամանակ Սանկտ-Պետերբուրգի փոխքաղաքապետն էր:

Կոնգրեսականը ենթադրում է, որ գարեջրատանը քաղաքական գործիչները չափից մի փոքր ավելի են խմել, այդ պատճառով նրանց միջեւ բանավեճ է սկսվել, թե ով է հաղթել «սառը պատերազմում»: «Վերջիվերջո մենք որոշել ենք հարցը լուծել իսկական տղամարդու պես եւ  բազկամարտ կազմակերպել: Իմ հակառակորդը Վլադիմիր Պուտինն էր: Թեեւ նա ցածրահասակ է, բայց հաղթեց ինձ մեկ վայրկյանում: Նա շատ ուժեղ է, անհավանական մկաններ ունի»,- հիանում է կոնգրեսականը, հաղորդում է BFM.RU-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին: