Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հանդիպել էց ԵՄ կրթության, մշակույթի, բազմալեզվականության եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուին եւ քննարկել կրթության, մշակույթի եւ երիտասարդության ոլորտում Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցության հեռանկարները։
Երկուստեք կարեւորվել են երիտասարդության միջեւ շփումները, որին մեծապես կարող են նպաստել ռեադմիսիայի եւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի շուտափույթ ուժի մեջ մտնելը։
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանը կրթության եւ մշակութային ոլորտներում սերտ կապեր է հաստատել եվրոպական երկրների հետ, իսկ այս բնագավառներում Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերը լուրջ հնարավորություն են ընձեռում կրթական ստանդարտների մոտարկման, մշակութային երկխոսության եւ ուսանողական ու երիտասաարդական փոխանակումների համար։
Հանձնակատար Վասիլիուն ասել է, որ ԵՄ-ն նախատեսում է էլ ավելի սերտացնել վերոհիշյալ բնագավառներում համագործակցությունը Արեւելյան գործընկերների հետ:





























