ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի դատարանը քննում է ձիու հարձակման ենթարկված երեխայի գործը, որի հետեւնքները կարող են բազմաթիվ անախորժություններ պատճառել ագարակատերերին եւ ձիաբուծարանների տերերին: Ամբողջ երկրում ձիերը կարող են պաշտոնապես ճանաչվել վտանգավոր կենդանիներ եւ ագրեսիվ կենդանատեսակ:

Դատական քննության պատճառը 2006թ. տեղ գտած միջադեպ է: ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Գլենդելի ագարակներից մեկում Սքրափի անունով ձին կծել էր երեխայի աջ այտի մի մասը՝ նրան ֆիզիկական եւ հոգեկան մեծ վնաս հասցնելով, հայտնում է Fox News-ը:

Տղայի ծնողները դատի էին տվել ագարակատերերին: Նրանք գործը մեկ անգամ տանուլ էին տվել: Երկրորդ անգամ սահմանվել էր, որ Սքրափին «այն կենդանատեսակներից է, որոնց համար բնորոշ է ագրեսիվ վարքը», ուստի երեխայի նկատմամբ նման պահվածքը միանգամայն կանխատեսելի էր:

Ընտանիքի փաստաբանը պնդում է, որ ձիերին, սկզբունքորեն, չպետք է մոտ թողնել երեխաներին. ստորին ատյանի որոշումը նա որոշել է վիճարկել նահանգի  Գերագույն դատարանում: Գործը կարող է դառնալ նախադեպ: Առաջին անգամ ձիերը  կարող են մարդկանց համար պոտենցիալ վտանգ ներկայացնող կենդանի ճանաչվել, գրում է Russia Today-ը:

Ըստ մասնագետների՝ յուրաքանչյուր կենդանու ագրեսիվությունը անհատական է եւ չի կարող տարածվել տեսակի վրա: Վերլուծաբանները նշում են, որ Քոնեքթիքութում ձիաբուծությունը եկամտի կարեւոր աղբյուր է՝  տարեկան 220 մլն դոլար: