Պակիստանի հարավարեւմտյան Բելուջստան նահանգի Ավարան քաղաքում երեքշաբթի օրը գրանցված 7,8 մագնիտուդ երկրաշարժից մի քանի տներ են վնասվել, հայտնում է պակիստանյան Geo News հեռուստաալիքը:

Հիվանդանոցներում տագնապ է հայտարարվել: Օդերեւութաբանների տվյալով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բելուջստան նահանգի տարածքում՝ Ավարան քաղաքից 69 կմ հյուսիս-արեւելք, երկրաշարժի օջախը գտնվել է 22,9 կմ խորությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Բելուջստանը Պակիստանի ամենախոշոր նահանգն է, բայց ամենաքիչ բնակեցվածը (մոտ  8 մլն բնակիչ): Մի քանի րոպեի շարունակ ցնցումներ են զգացվել Հայդարաբադ, Լարկանա եւ այլ բնակավայրերում: Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որ թույլ ցնցումներ են զգացվել Նյու Դելիում եւ հյուսիսային Հնդկաստանի այլ շրջաններում:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: